ՍԴՀԿ-ն կողմ է Սահմնադրական բարեփոխումներին, սակայն դա չի նշանակում, որ իրենք ծառայում են իշխանություններին: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ՍԴՀԿ  հիմնադրման 128-րդ ամյակին նվիրված հավաքին հայտարարեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

«Կուսակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին, որովհետև մարդկությունը ավելի լավ կառավարման ձև չի հորինել: Հիմա շատերը կասեն, թե իշխանության պատվեր են կատարում, ցանականում են, որ նրանք վերարտադրվեն, սակայն ես կպատասխանեմ հայտնի քաղաքական գործչի խոսքերով՝ մի՛ ջղաձգվեք: Երբ ՍԴՀԿ-ն հայտարարում էր խորհրդարանական կառավարման ձեւի արդյունավետության մասին դեռեւս 18-րդ դարի վերջին, ոչ այս իշխանությունները կային, ոչ էլ նրանց ընդդիմադիրները: Եթե այս իշխանությունները ցանկանան վերարտադրվել, ապա նրանք դա կանեն Սահմանադրական փոփոխություններից անկախ»,- ասաց նա:

Նարեկ Գալստյանի խոսքով՝ Հայաստանում այսօր չկան գաղափարական հենք ունեցող կուսակցություններ:

«Ո՞վ է գաղափարական, Հանրապետակա՞նը, Օրինաց երկի՞րը , թե Ժառանգությունը, չեմ խոսում էլ ՀԱԿ-ի մասին, որի գաղափարական ուժը միայն նրա վրա է հիմնված , թե ինչպիսի տրամադրությամբ կարթնանա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կամ Բարգավաճ Հայաստանը ընդհանրապես կուսակցություն չէ,  այն  իշխանության ոչ այդքան ուժեղ հարվվածից հետո դարձավ խորհրդարանական ժամանակավոր ֆրակցիա ունեցող  մի ուժ»,-ասաց Նարեկ Գալստյանը:

Նարեկ Գալստյանը ափսոսանք հայտնեց, որ կուսակցությունը Հայաստանի անկախացումից ի վեր  չի կարողացել իր արժանի տեղը զբաղեցնել Հայաստանի քաղաքական կյանքում:

ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետը շեշտեց, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե անձի, այլ համակարգի փոփոխություն:

«Ժողովուրդն այն օրվա հացի է կարոտ, որ օլիգարխներից մեկը օրական 3-ական լավաշ է բաժանում: Պետք է հրաժեշտ տալ օլիգարխիային, սա կենսական անհրաժեշտություն ունի: Նախագահը կարծես գործի մի մասը սկսեց, բայց պետք է նաև սա իրականացնել հենց հանրապետականում»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Նարեկ Գալստյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին կուսակցությունը կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ մայիսի 1-ին հանրահավաք ու երթ են կանցկացնի:

Նշենք, որ  Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ)  ստեղծվել է 1887թ. Ժնեւում: Հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը:

Այսօր լրացավ ՍԴՀԿ հիմնադրման 128-րդ ամյակը: