Սիերա Լեոնեի փոխնախագահ Սամուել Սամ-Սումանան մարտի 14-ին երկրի զինվորականների կողմից մայրաքաղաք Ֆրիթաունի իր տունը շրջապատելուց հետո հայտարարել է, որ ցանկանում է ապաստան ստանալ ԱՄՆ-ում:
Ներկայում քաղաքական գործիչը կարանտինում է՝ Էբոլա վիրուսով վարակված իր թիկնապահի մահվան պատճառով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ին:
Սամ-Սումանայի տունը շրջապատած զինվորականների գործողությունների պատճառը, ամենայն հավանականությամբ, քաղաքական է: Վերջերս նրան հեռացրել էին իշխող APC կուսակցության շարքերից: Անցկացված ներքին հետաքննության արդյունքում գործչին մեղադրել են սեփական ընդդիմադիր շարժումը ստեղծելու մեջ:
Իշխանության ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում փոխնախագահի հետ կապված իրավիճակը: Վերջերս նա տեղեկացրել է, որ 21-օրյա կարանտինում է սեփական ցանկությամբ եւ իրեն լավ է զգում:





























