Ոչ մի դեպքում չի կարելի Հայոց ցեղասպանության  100-ամյակին նվիրված միջոցառումները համեմատել Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումների հետ։ Այս մասին մարտի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր, Հայաստանում «Արեւտմահայոց ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ  Արագած Ախոյանը։

Պատգամավորի խոսքով՝ մեկը մյուսի հետ կապ չունի։ «Բոլորն այդ մասին գիտեն։ Նույնիսկ Թուրքիայում կան առաջադեմ մարդիկ, կազմակերպություններ եւ կուսակցություններ, որոնք հասկանում են, թե որքան ցինիկ է իրենց պետության արարքը, ինչին է այն ուղղված եւ ինչ բովանդակություն ունեն այդ միջոցառումները։ Թուրքիայում անցկացվող միջոցառումների մասնակից երկրները դիմում են այդ քայլին՝ տնտեսական հարաբերություններից ելնելով։ Նրանք պարզապես չեն կարող չմասնակցել այդ միջոցառումներին»,- հայտարարեց Արագած Ախոյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Գալիպոլիիի ճակատամարտին նվիրված միջոցառումները առաջին անգամ անցկացվելու են ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը։