Արքայազն Հարրին հաստատել է, որ մտադիր է 10 տարի ծառայությունից հետո լքել զինված ուժերի շարքերը: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, գրում է The Guardian թերթը:
Հարրին, ով հիմա 30 տարեկան է, ծառայել է որպես Apache ռազմական ուղղաթիռի օդաչու: Նա երկու անգամ գործուղման է ուղարկվել Աֆղանաստան, որտեղ, իր խոսքով, պարբերաբար հիվանդանոց է տեղափոխել վիրավոր զինվորներին եւ տեղի բնակիչներին:
Հարրիի ծառայությունը կավարտվի այս տարվա հունիսին, իսկ մինչ այդ նա 4 շաբաթով ծառայողական գործուղման կմեկնի Ավստրալիա, որից հետո այց կկատարի Նոր Զելանդիա, հաղորդում է Lenta-ն:
Ծառայությունից ազատվելուց հետո արքայազնը մտադիր է կենտրոնանալ Աֆրիկայի հարավում մարդասիրական առաքելությունների մասնակցության վրա: Հարրիի խոսքով՝ իր զինվորական փորձը կմնա մինչեւ կյանքի վերջը:





























