ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դեմ վճիռ կայացրած Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանին պաշտոնանկ են արել մոտ 10 օր առաջ: Մեր տեղեկություններով՝ դատավորը մեծ պարտքեր ունի, իսկ թե որտեղից են դրանք գոյացել, հակասական տեղեկություններ են շրջանառվում: Մասնավորապես, ասում են, թե նա Երեւանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքի շինարարության մեջ գումարներ է ներդրել, վարկեր վերցրել, բայց չի կարողացել փակել:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նրա որդին եւս աշխատում է դատարանում, Վարչական դատարանի դատավորներից մեկի օգնականն է, մյուս որդին էլ գտնվում է ՌԴ-ում: Ինքը՝ Ռոբերտ Սարգսյանը դատական համակարգի հնաբնակներից է, մոտ 15 տարվա աշխատանքային փորձով, նախկինում աշխատել է տնտեսական դատարանում եւ Երեւանի քաղաքային դատարանում:
Նշենք, որ 2013թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել է վարչական դատարան` պահանջելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գանձել 25 հազար դրամ: Այս գործով դատավոր Ռոբերտ Սարգսյանը, որը օրերս Սերժ Սարգսյանի հրամանով ազատվել է դատավորի պաշտոնից, 2013թ. դեկտեմբերի 19-ին որոշել է պատգամավորին պարտավորեցնել կատարելու 25 հազար դրամի վճարը և հրապարակած որոշումը հենց նույն օրը ուղարկել է պատգամավորին: Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասել է, որ հետաքրքիրն այն է, որ համապատասխան դատավորը, ինչպես հայտնում են տվյալ դատարանի քարտուղարությունից, անհետացել է, հարցադրումերին ի պատասխան՝ անհասականալի բացատարություններ են հնչում, թե հեռացվել է, հիվանդ է եւ այլն:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները: Համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 27-ի ԱԽ-6-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները»:





























