Անդրանիկ Հակոբյանը ծնողների հետ Եթովպիայից Ֆրանսիա է տեղափոխվել 1974թ.-ին: Սկզբնական շրջանում սովորելուն զուգահեռ նա տարբեր աշխատանքներ է կատարել՝ օգնելու հիվանդ հորը հոգալ ընտանիքի ծախսերը: Այսօր Անդրանիկ Հակոբյանը Մարսելում իր սեփական ատամնաբուժական կլինիկան ունի: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է մարսելաբնակ ատամնաբույժի հետ վերջինիս արմատների, հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ Մարսելում հայկական համայնքի գործունեության մասին:
Պարոն Հակոբյան, ովքե՞ր են Ձեր ծնողները: Ինչպե՞ս եք հայտնվել Մարսելում:
Ես ծնվել եմ Ադիս Աբեբայում, Եթովպիայում: Հայրս ծնունդով Ադաբազարի շրջանի Գեյվե գյուղից է, 1915թ.-ին փոքր եղբոր հետ փախել է Հունաստան: Այնուհետեւ հայրս տեղափոխվել է Կանադա, իսկ եղբայրը՝ Ստեփանը, մնացել է Հունաստանում: Հայրս նրան կորցրեց եւ այդպես էլ երբեք չգտավ: 40 տարի հայրս եղբորը փնտրել է, բայց ապարդյուն… Երբ հայրիկս 17 տարեկան է եղել, նրա հորեղբայրը նրան գտել է հայկական ամսագրի լուսանկարի միջոցով եւ միասին տեղափոխվել են Ֆրանսիա, այնուհետեւ Եթովպիա, որտեղ մյուս հորեղբայրս էր գաղթել 1894-1896թթ. կոտորածներից հետո: Մայրական տատիկս ու պապիկս Այնթափից են, նրանք նախ գաղթել են Դեր-Զոր, Բեյրութ, ապա Եթովպիա:

Արդյո՞ք Ձեր հայրը պատմում էր տեսած արհավիրքների մասին:
Հայրս շատ քիչ էր խոսում այդ ամենի մասին, բայց երբ նա փնտրում էր իր եղբորը, ես շատ բան հասկացա: Սկզբում ես հաճախում էի հայկական դպրոց, հետո մեկնեցի Փարիզ՝ սովորելու Սամուել Մուրատի քոլեջում: Արդեն 1974թ.-ին ստիպված տեղափոխվեցինք մշտական բնակության Մարսել, քանի որ եթովպիական հեղափոխությունը հայերից խլեց ամեն ինչ, հորս 40 տարվա աշխատանքը եւս…
Մարսել տեղափոխվելուց հետ ինչո՞վ էր Ձեր ընտանիքը զբաղվում:
Ես մասնագիտությամբ ատամնաբույժ վիրաբույժ եմ, իմ սեփական պրոֆեսիոնալ կլինիկան ունեմ Մարսելում: Իսկ տարիներ առաջ… երբ եկանք Մարսել, հայրս աշխատում էր փոքրիկ խանութում, բայց նա վատառողջ էր եւ ես ստիպված էի աշխատել՝ սովորելուն զուգահեռ: Եվ լրագրությամբ եմ զբաղվել, եւ հյուրանոցներում եմ աշխատել…
1983թ.-ին քաղաքական նպատակներով հիմնեցի «Ազատագրություն» կազմակերպությունը, որը զբաղվում էր Հայոց Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ են Սովետական Հայաստանի քաղբանտարկյալներին՝ Ստեփան Զատիկյանին եւ Պարույր Հայրիկյանին օգնելու հարցերով: Բայց Հայաստանի անկախությունից հետո մենք դադարեցրինք մեր քաղաքական գործունեությունը եւ «Ազատագրությունը» դարձրինք կազմակերպություն, որը հումանիտար օգնություն էր ցուցաբերում Հայաստանին: 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո մենք 200 տոննա դեղորայք ենք ուղարկել, ինչպես նաեւ համագործակցել ենք Երեւանի Մխիթար Հերացու անվան համալսարանի եւ Մարգարյանի ծննդատան հետ. 60 երեխա այդ տարիներին եկել է Ֆրանսիա՝ բուժվելու:

Դա 25 տարի առաջ էր, իսկ այսօր կապ կա՞ Հայաստանի հետ:
Այո, շարունակվում է իմ համագործակցությունը Մարգարյանի անվան ծննդատան հետ: 2014թ.-ի հոկտեմբերին ես Երեւանում էի, այցիս նպատակն այն էր, որ վերջին 10 տարիներին առաջին անգամ Հայաստանում երեխաներ էին ծնվել արտամարմնային բեղմնավորմամբ: Այդ ժամանակ էլ հանդիպումներ ունեցա շատ քաղաքական գործիչների, բժիշկների հետ, որոնց հետ այժմ համագործակցում եմ: Հայաստանում 1000-ից ավելի ընկեր ունեմ, որոնց, սակայն, ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում հանդիպել, երբ Երեւան եմ գալիս:
Անցած հուլիս-օգոստոս ամիսներին էլ ընտանիքիս հետ այցելել եմ Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա:

Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում Ֆրանսիան մեծ դերակատարում ունի եւ լուրջ քայլեր է կատարում: Ինչպե՞ս է Ֆրանսիայի հայկական համայնքը նպաստում այդ գործընթացին:
Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքում կան հայկական բազմաթիվ կազմակերպություններ, որոնք զբաղվում են հայկական լոբբինգով՝ կապված Ցեղասպանության հետ, եւ այսպիսով, 2001թ. Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց այս պատմական իրադարձությունը, սակայն ցեղասպանության ժխտումը պատժող օրենքը վերաբերվում է միայն Հոլոքոստին: Թուրքական լոբբիստական ընկերությունները, Թուրքիայի համայնքը հիմա մեծ մասամբ մեր դեմ է գործում: Օլանդը խոստացել է ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց կարծում եմ, որ Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի որոշումը մեզ ավելի լայն հնարավորություններ կտա: Ամեն օր մի նոր թուրք է ընդունում Հայոց Ցեղասպանության փաստը եւ այդ մասին գրքեր եւ հոդվածներ հրատարակում: Կարծում եմ, որ մենք հաղթելու ենք թուրքերին, որովհետեւ շատերն այլեւս չեն ցանկանում լռել: Ես լավատես եմ, թուրքերը կփոխեն Թուրքիայի քաղաքականությունը:
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Արդյո՞ք Մարսելից պատվիրակություն է ժամանելու Հայաստան:
Իհարկե, առնվազն 3 կազմակերպություն ծրագրում է այցելել Հայաստան ապրիլին, ինչպես նաեւ հարյուրավոր անհատներ են գալու:

Պարոն Հակոբյանը, խոսենք նաեւ Մարսելի հայկական համայնքի մասին:
Հայերը Մարսելի բնակչության 10 տոկոսն են կազմում, շրջանում ապրում են 150 հազար հայ: Առաջին հայերը Մարսել են գաղթել Հայոց Ցեղասպանությունից հետո՝ 1920-1925թթ., այնուհետեւ արդեն եկել են Եգիպտոսից, Լիբանանին, Սիրիայից, իսկ վերջին 20 տարիներին գալիս են նաեւ Հայաստանից: Առաջին հայերն առեւտրականներ են եղել, բայց այսօր կան տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Մարսելի հայերը պատկանում են միջին եւ բարձր խավերին: Հայերիս այստեղ սիրում են:
Աիդա Հովհաննիսյան





























