Կարճաժամկետ շահով քողարկվելն անթույլատրելի է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ: Այս մասին «Յուրաքանչյուր realpolitik պետք է սահմաններ ունենա» վերնագրով հոդվածում գրել է իտալական «Tempi» ամսագրի վերլուծաբան Ռենատո Ֆերինան: Հոդվածում նաեւ նշվում է.
«Անցյալ հինգշաբթի (Վիկտոր Էմանուել թագավորի պատվին - խմբ.) կարեւոր ցուցահանդես բացվեց՝ «Հայեր. Տապանի ժողովուրդ» խորագրով: Այն բացվեց ազգային հիշողության սրտում՝ Վիտտորիանո պալատում. ներեցեք այսպիսի վերամբարձ բառերի համար այսպիսի ոչ վերամբարձ ժամանակներում:
Ներկա էին Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Եվ՝ ոչ ոք Իտալիայի կառավարությունից: Ինչո՞ւ:
Այս տարի լրանում է օսմանցի թուրքերի սանձազերծած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Թուրքիան հսկայական ճնշում է գործադրել Իտալիայի վրա, որպեսզի Իտալիան չտեսնելու տա: Եվ Թուրքիային դա հաջողվել է:
Մի քանի ամիս առաջ Դեմոկրատական կուսակցությունն (կոալիցիոն - խմբ.) արգելափակեց դպրոցական դասագրքերում այդ ողբերգության հիշատակման մասին որոշումը: Նրանք ասացին. Թուրքիան շատ կարեւոր է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, որպեսզի կարողանանք նրան մեր դեմ տրամադրել:
Պատճառը շատ լուրջ է: Եվ, ամեն դեպքում, հարց եմ տալիս. եթե պետությունը ժխտում է իր իսկ քաղաքացիների զանգվածային ոչնչացման փաստը, որպիսիք էին Անատոլիայի հայերը Թուրքիայում, եւ խլացնում է հասարակական հիշողությունը, ապա ինչպե՞ս հավատալ, որ կարելի է պայքարի դուրս գալ նրանց հետ, որոնք նույն նպատակներն ունեն, ինչ Իսլամական խալիֆայության ղեկավարությունը, որը չի էլ թաքցնում դա: Թուրքիայի կողմից Իսլամական խալիֆայության ֆինանսավորման մասին ապացույցներ արդեն կան: Թուրքիան արդեն էժան մաքսանենգ վառելիք է ստանում:
Կցանկանայի, որպեսզի սրան պատասխան տար վարչապետ Մաթեո Ռենցին: Նա, որը սիրում է Թուրքիային եւ սատարում է Եվրոպայում նրա ընդունմանը: Բայց չի կարելի ընդունել նրան, ով ակնհայտորեն հերքում է իր իսկ թափած արյունը: Կարճաժամկետ շահով քողարկվելն անթույլատրելի է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ: Յուրաքանչյուր realpolitik պետք է սահմաններ ունենա: Մեկուկես միլիոն մարդ Հայոց ցեղասպանության զոհը դարձավ, որոնց դաժանորեն մահվան դատապարտեցին:
«Ահաբեկչության խալիֆայություն» գրքում Մաուրիցիո Մոլինարին գրում է. «Հենց էրդողանական Թուրքիան ընդունեց Եգիպտոսում հետախուզվող եւ Քաթարից արտաքսված մուսուլման-եղբայրների երկու տասնյակ առաջնորդներին, ինչպես նաեւ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչներին՝ վերածվելով ամենից հյուրընկալ երկրի նրանց համար, ովքեր հետախուզվում են Մերձավոր Արեւելքում»:
Պատմությունը լավ ուսուցիչ է: Դա հասկացել է դեռեւս Ֆիլիպո Մեդան՝ Քրիստոնյա-դեմոկրատների հիմնադիրը, ով 1918 թվականին դատապարտել է բրիտանական գահի եւ վարճապետ Դիզրաելիի ցինիկ realpolitik-ը, որը 1895 թվականներին աչք փակեց հայկական կոտորածների վրա, քանի որ Օսմանյան Կայսրությունն իրեն անհրաժեշտ էր որպես Ռուսաստանի հակակշիռ: Նման հաշվարկներով են ապրում նաեւ Հայոց ցեղասպանությունը չընդունող Ամերիկան եւ Իսրայելը:
… Իսկ ցուցահանդեսն ինքնին առանձին հոդվածի է արժանի: Ցուցադրություններից մեկը նվիրված է խաչերին, որոնցով լեցուն է Հայաստանը»:




























