Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Քաղաքական խորհուրդը քննարկել է ինչպես Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող, այնպես էլ կուսակցության կազմակերպական եւ կառուցվածքային խնդիրներին վերաբերող հարցեր:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղաքական խորհրդին ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկված հարցերը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ նախագահը պատրաստ է ոչ միայն լսել, այլ քննարկել եւ ընդունել ՕԵԿ-ի փաստարկված առաջարկները:
Ծավալված քննարկումների արդյունքում՝ ՕԵԿ քաղաքական խորհուրդն արձանագրել է.
Սահմանադրական փոփոխությունները քաղաքական եւ հանրային կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: «Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես կողմ է եղել պետությանն առնչվող կարեւորագույն հարցերի շուրջ քննարկումների իրականացմանը` անկախ նրանից կողմերի տեսակետները համընկնում են, թե ոչ:
«Օրինաց երկիր» կուսակցությունը կմասնակցի քննարկումներին՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կուսակցությունը չի կարող պարզապես դիտորդ լինել այդ գործընթացում:
Մինչ այս պահը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը եւ ունի ձեւավորված տեսակետներ՝ գործուն եւ արդյունավետ զսպումներով եւ հակակշիռներով քաղաքական համակարգի առկայություն, իշխանության ճյուղերի միջեւ հարաբերակցության առավել բալանսավորվածություն, ընտրական բարեփոխումների իրականացում՝ հատկապես հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցում, իրական անկախ դատական համակարգի ձեւավորում եւ այլն: «Օրինաց երկիրը» կողմ չէ նաեւ նախագահի ինստիտուտի վերացմանը, կամ դրա խորհրդանշական բնույթ ունենալուն` հաշվի առնելով ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրողությունները եւ ԵՏՄ անդամակցությունը:
«Օրինաց երկիր» կուսակցությունը չի կարող աջակցել այնպիսի փոփոխություններին, որոնք ոչինչ չեն տալու Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին: Այդուհանդերձ բովանդակային քննարկումները կարող են լինել առարկայական, երբ կհրապարակվի կոնկրետ փաստաթուղթ:
ՕԵԿ արտաքին կապերի պատասխանատուն քաղաքական խորհրդին ներկայացրեց Եվրոպական Ժողովրդական Կուսակցության նախագահ ժոզեֆ Դոլի եւ Չինաստանի Կոմունիստական Կուսակցության՝ «Օրինաց երկրին» ուղարկված հրավերները՝ մասնակցելու ԵԺԿ նախագահության նիստին եւ երկու կուսակցությունների հետագա համագործակցության խորացման եւ կապերի ամրապնդման համար այցելել Չինաստան: Քաղաքական խորհուրդը քննարկեց եւ ընդունեց հրավերները:





























