Արդարադատության նախարարությունում ծեծի ենթարկված պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արդարադատության նախարարությունից:

Մեզ փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախարարի հրամանով՝ ծառայողական քննություն է նշանակվել: Բռնություն գործադրած ղեկավարը կարգապահական տույժի է ենթարկվել, իսկ թե կոնկրետ ինչ տույժ, ԱՆ-ից չմանրամասնեցին: Իսկ ծեծի ենթարկված պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն գործակալության ղեկավար պաշտոնատար անձը, աշխատանքային հարաբերությունները պարզաբանելու հետ կապված ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործակալության սպասասրահում անհիմն վիրավորել է իրեն, որից հետո դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: