Իսրայելի «Լիկուդ» աջակողմյան կուսակցությունն առաջ է անցել խորհրդարանական ընտրություններում՝ մեծացնելով իր առաջնորդ Բենիամին Նեթանյահուի շանսերը՝ նոր կառավարություն ձեւավորելու եւ երկրի վարչապետի պաշտոնը 3-րդ անգամ անընդմեջ ու 4-րդ անգամ առհասարակ զբաղեցնելու համար։ «Լիկուդը» կարող է Քնեսեթում 29 տեղ ստանալ, իսկ «Սիոնիստական միությունը»՝ 24։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովստի»-ն՝ վկայակոչելով Իսրայելի ԿԸՀ տվյալները։
Քվեաթերթիկների 68.07 տոկոսը մշակելուց հետո «Լիկուդը» հավաքել է ձայների 23.73 տոկոսը։ Երկրորդ տեղում է նրա հիմնական հակառակորդ «Սիոնիստական միություն» ձախակողմյան բլոկը՝ 19.06 տոկոս։ Երրորդ տեղը զբաղեցրել է Միավորված արաբական ցուցակը, որի օգտին քվեարկել է ընտրողների 9.63 տոկոսը։
Նեթանյահուն իր կուսակիցներին արդեն հայտնել է «մեծ հաղթանակի» մասին եւ տվել կոալիցիոն բանակցությունների մեկնարկը։





























