Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանը պնդում է, որ իր որդին եւ նրա երկու ընկերները չեն առեւանգել Մեխակ Մելիքբեկյանին, ընդամենը նրան հրավիրել են իրենց «օջախ, թեյ ու սուրճ հյուրասիրել»՝ հասկանալու համար, թե ինչու ու ում հրամանով է վերջինս իր դեմ մահափորձ կատարել:

«Մեխակ Մելիքբեկյանը կատարում է նախկին գյուղապետի՝ Գասպարյանի հանձնարարությունները: Իմ որդին ոչ մեկին չի առեւանգել, մենք Մեխակին հրավիրել ենք մեր օջախ, սուրճ ու թեյ ենք հյուրասիրել, փորձել ենք հասկանալ, թե ինչու է նման բան արել, էդքան բան: 5 անգամ իմ դեմ մահափորձ են կատարել, 5 անգամ իմ, ընտանիքիս, ընկերներիս, հարազատներիս են փորձել վնասել: Հիմա քննություն է ընթանում: Թող օրենքը պարզի՝ ով է մեղավոր, ով անմեղ: Էդ նույն Գասպարյանը երկար տարիներ գյուղապետ է եղել, թող գյուղի համար լավ բաներ աներ, ոչ թե թալաներ ու կողոպտեր բոլորին»,- NEWS.am-ին ասաց Աչաջուրի գյուղապետը:

Նա հայտնեց, որ որդին դեռեւս հետախուզման մեջ է, սակայն ներկայանալու որեւէ խնդիր չունի, որովհետեւ անմեղ է: Գյուղապետի խոսքով՝ 2013թ. սեպտեմբերին իր դեմ մահափորձ է կատարել Տաթեւ Գասպարյանը. «Մենք ապացույցներ ունենք, որ այդ մահափորձերը կատարել է Տաթեւ Գասպարյանը, մինչդեռ 2013թ. սեպտեմբերին իմ մեքենան պայթեցնելուց հետո Գասպարյանը հայտարարել է, որ դա արել է այդ ժամանակվա գյուղապետ Համլետ Գեւորգյանը»:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Սաշա Ղալթախչյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ Գ. Ալավերդյանի, Հ.Ղալթախչյանի եւ մի խումբ այլ անձանց հետ 2015թ. հունվարի 17-ին  առեւանգել է Մեխակ Մելիքբեկյանին, որին տեղափոխել է Տավուշի մարզում գտնվող «Ջողազ» կոչվող վայր, ծեծի ենթարկել նրան եւ պահանջել խոստովանել, թե իբր ինքն է կատարել Տ.Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի նկատմամբ 2013թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած սպանության փորձը։

Երեք երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սաշա Ղալթախչյանը կալանավորված է, իսկ գյուղապետի որդին՝ Հ.Ղալթախչյանը եւ Գ.Ալավերդյանը հետախուզման մեջ են:

Հիշեցնենք, որ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի դեմ սպանության փորձը կատարվել է 2013թ.-ին, իսկ գործով ձերբակալված անձն էլ քննիչներին հայտնել է, որ գյուղապետն ու մի շարք անձինք իրեն առեւանգել են եւ ստիպել, որ սպանության փորձն իր վրա վերցնի: Այս դեպքով երկու քրեական գործ կա հարուցված: