Հայաստանի ֆուտբոլային ակումբները վերջին տարիների տխուր ավանդույթի համաձայն եվրագավաթային մրցաշարերի հենց մեկնարկային ընտրական փուլերում դուրս մնացին պայքարից:

Հայաստանի չորս ակումբներից ոչ մեկը չկարողացավ գոնե մեկ շրջան հաղթահարել: Եվրոպայի լիգայի ընտրական առաջին ռաունդում դուրս մնացին «Բանանցն» ու «Ուլիսը», Չեմպիոնների լիգայում էլ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընդհանուր 1:4 հաշվով պարտվեց Բելգրադի «Պարտիզանին»: Իսկ «Միկան» իրավունք էր ստացել պայքարը սկսել Եվրոպայի լիգայի երկրորդ ռաունդից: Մրցակիցը Եվրոպայի լիգայի մասնակից, թերեւս, ամենաթույլ ակումբներից մեկն էր` Մակեդոնիայի «Ռաբոտնիչկին»: Սակայն «Միկան» երկու խաղում չկարողացավ գոնե մեկ գնդակ խփել: Իսկ մակեդոնացիները հաջորդ փուլ անցան սեփական խաղադաշտում խփած միակ գնդակի շնորհիվ: Այսօր Երեւանում կայացած հանդիպման հաշիվը չբացվեց: