Այն փաստը, որ Հաագայի միջազգային դատարանը օրինական ճանաչեց Կոսովոյի անկախության հռչակումը, կարեւոր դեր կխաղա Լեռնային ղարաբաղի հակամարտության լուծման համար։ NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանելիս, նման կարծիք հայտնեց տարածաշրջանային համագործակցության եւ գլոբալիզացիայի վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այս գործոնը որոշիչ դեր կունենա հակամարտության կարգավորման ընթացքում։
«Առաջին անգամ միջազգային դատարանը նման խնդրի կապակցությամբ որոշում ընդունեց ոչ թե տարածքային ամբողջականության, այլ հօգուտ ազգերի ինքնորոշման սկզբունքի»,- ասաց Գրիգորյանը։
Ըստ նրա, եթե նախկինում տարածքները անջատվում էին պետությունից առանց կենտրոնի համաձայնության, ապա միջազգային հանրությունը տարածքի անջատումը անօրինական էր համարում։ «Մոնտենեգրոի անկախացման պարագայում պաշտոնական Բելգրադը համաձայնություն էր տվել, ինչի արդյունքում բախումներ չարձանագրվեցին։ Խորհրդային Միությունն էլ կարելի է, որպես օրինակ դիտարկել, որի փլուզման ընթացքում մեծ բախումներ չեղան։ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Կոսովոյի պարագայում «կենտրոնը» համաձայնություն չէր տվել, սակայն պետք է ասել, որ Կոսովոյի դեպքը շատ նման է Լեռնային Ղարաբաղին»,- ընդգծեց փորձագետը։
Նրա կարծիքով՝ այս նախադեպը հետեւանք կունենա եւ հատկապես ԼՂ հարցի կարգավորման դեպքում։




























