Եմենի երկրորդ քաղաք Ադենի օդանավակայանը փակ է նրա մերձակայքում շիա ապստամբների եւ Սանայից փախած նախագահ Մանսուր Հադիի կողմնակիցների միջեւ սկսված մարտական գործողությունների պատճառով։
Ականատեսների վկայությամբ՝ կատաղի հրաձգություն արդեն ընթանում է օդակայանի մոտակայքում, Ադեն-Կահիրե չվերթի ուղեւորներին տարհանել են արդեն թռիչքի պատրաստվող ինքնաթիռից։ Այս մասին գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Հուսիները Սանա մայրաքաղաքը գրավել էին 2 ամիս առաջ՝ իրենց վերահսկողությունն հաստատելով կառավարական շինությունների վրա։
Նախագահ Հադին տնային կալանքից փախել էր նախկին Եմենի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Ադեն։





























