Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շուտով իր որոշումը կհայտնի ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

«Քննարկումներն ընթանում են, համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են, եւ ԱԺ նախագահն իր որոշման մասին կհայտնի»,- ասաց Գագիկ Մելիքյանը։

Ինչ վերաբերվում է ԲՀԿ նոր նախագահին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը ողջունում է ԲՀԿ-ի ցանկացած որոշում, որն ընդունելի է իրենց համար։

Լրագրողների հարցին, թե իսկապես քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները՝ հաշվի առնելով, որ նույն ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք բիզնեսով են զբաղվում, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «ՀՀԿ-ում ակտիվ քաղաքականությամբ զբաղվում են միայն բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ։ Բացի դրանից՝ մեզ մոտ բիզնեսով զբաղվողներ չկան, վստահեցնում եմ ձեզ»։

Նշենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը քննադատել էր Գագիկ Ծառուկյանին՝ հայտարարելով, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները։ Բացի դրանից՝ նա հանձնարարել էր Ազգային ժողովին նախագահին ուսումնասիրել Գագիկ Ծառուկյանի բացակայությունները։

Մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց կուսակցության առաջնորդի եւ խմբակցության ղեկավարի պաշտոններից։ Նրա փոխարեն ԲՀԿ առաջնորդ է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը։