Կառավարման պառլամենտական համակարգը ժամանակավրեպ չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին։
«Կարծում եմ իսկապես ժամանակն է, որպեսզի կառավարման համակարգը վերանայվի և նոր մոտեցում դրսևորվի։ Իսկ նման մոտեցում աշխարհում գոյություն ունի, միայն Հայաստանում չէ, շատ երկրներում այն լիարժեք գործում է։ Այն աշխատանքները, որ նախաձեռնել է երկրի նախագահը՝ քննարկումներ անցկացնել բոլոր քաղաքական ուժերի հետ, որպեսզի գտնեն ամենանպատակահարմար մոդելը եւ հայեցակարգըւ լրացնել նոր առաջարկություններով, կշարունակվեն»,- ասաց Մկրտիչ Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ իր համար անհասկանալի է այն բոլոր քաղաքական ուժերի բացասական վերաբերմունքը Սահմանադրական բարեփոխումների նկատմամբ, որոնք ժամանակին իրենք են առաջարկել նման փոփոխություն, իսկ այսօր դեմ են արտահայտվում։
«Ինձ համար անհասկանալի է այն ուժերի բացասական վերաբերմունքը, որոնք ժամանակին իրենք էին առաջարկում այսպիսի մոտեցում, իսկ այսօր ուղիղ հակառակն են ասում»,-ասաց Մկրտիչ Մինասյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ նշեց, որ նախագահը հանդիպումներ է ունենալու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ Սահմանդրական բարեփոխումները քննարկելու նպատակով։





























