Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարների հարցում իր պաշտոնական դիրքորոշման համար։ Նեմցովին չեզոքացնելու գործողության համար հատկացվել էր 5 մլն ռուբլի; Այս մասին գրում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով գործի հետաքննությանը։

Գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն՝ 2015թ. հունվարին Զաուր Դադաեւը, Անզոր Գուբաշեւը եւ Բեսլան Շավանովը ընդունել են անհայտ անձի կողմից արված առաջարկը՝ պատրաստել եւ իրականացնել Բորիս Նեմցովի սպանությունը Charlie Hebdo-ի ծաղրանկարները ակտիվորեն պաշտպանելու  համար։

Հետաքննությունը կարծում է, որ Նեմցովի ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաեւը գործել է միանգամից մի քանի հոգու պատվերով, որոնք կիսում էին նրա կրոնական  հայացքները եւ նրան այդ գործի համար 5 մլն ռուբլի էին վճարել։ Ինչպես նշում է գործակալությունը, անհայտ անձի դերում կարող էր հանդես գալ «Հյուսիս» գումարտակի զինծառայող Ռուսլան Գերեմեեւը։ 

Հաղորդվում է, որ փետրվարի սկզբին Դադաեւը, Գուբաշեւը եւ Շավանովը հետեւել են Նեմցովին՝ նրա բնակության վայրն ու մշտական երթուղին պարզելու համար։ Գործի մյուս ֆիգուրանտների՝ Շագիթ Գուբաշեւի, Թամերլան Էսկերխանովի եւ Համզաթ Բախաեւի դերը հստակ չէ, միայն նշվում է, որ նրանք օգնել են տեղեկություն հավաքել Բորիս Նեմցովի մասին։

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայի Կրեմլի պարսպի դիմաց։