Թուրքիան տարիներ շարունակ իր քաղաքացիներին խաբում է Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ. թուրքական իշխանություները խաբում են պատմության դասերին, ստում են թերթերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց թուրքական Bianet գործակալության լրագրողուհի Էլիֆ Աքգյուլը:
Հետեւաբար, ըստ նրա, Թուրքիայի իշխանությունները հանցանք են իրագործել ոչ միայն հայերի, այլեւ սեփական ժողովրդի հանդեպ:
«Օրինակ՝ նրանք ասում էին, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, եւ հայերն են թուրքերին սպանել, բայց անցյալ տարի նրանք ափսոսանք հայտնեցին 100 տարի առաջ սպանված մարդկանց հետ կապված: Թուրքական պետությունը խաբում է սեփական ժողովրդին: Աշխարհում ոչ ոք նրանց չի հավատում»,- ընդգծեց Էլիֆ Աքգյուլը:
Լրագրողի խոսքով, Թուրքիայի ամբողջ պատմությունը հիմնված է կեղծիքի վրա: «Սակայն անկախ գիտնականները, Թուրքիայի պատմաբաններն աշխատում են Հայոց ցեղասպանության հարցի շուրջ»,- ասաց Էլիֆ Աքգյուլը՝ ընդգծելով, որ թուրքերը նույնպես չեն վստահում սեփական կառավարությանը:





























