Ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ռոբերտ Դոլդը մտադիր են ԱՄՆ վարչակազմից պահանջել մեծացնել Հայաստանին հատկացվող օգնության չափը։ Այս մասին Վաշինգտոնում NEWS.am-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարել են ամերիկացի կոնգրեսականները։
Հիշեցնենք, որ ամերիկյան վարչակազմը առաջարկել էր 2016թ. Հայաստանին 18 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել։
«Սա արդեն առաջին տարին չէ շարունակվում։ Մենք ստիպված ենք մշտապես հակազդել, որպեսզի վստահ լինենք, որ ԱՄՆ-ն Հայաստանին շոշափելի օգնություն է տրամադրելու։ Կոնգրեսականները նաեւ անհանգստացած են Հայաստանին եւ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնության հավասարության պահպանման կարեւորության հանգամանքով։ Անկեղծ ասած՝ ես կասկածում եմ, որ ԱՄՆ-ն առհասարակ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու կարիք ունի՝ հաշվի առնելով, թե Բաքուն ինչ է կատարում սահմանին»,- նշել է Ադամ Շիֆը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն ավանդաբար Հայաստանին օգնության ավելի փոքր ծավալներ է առաջարկում, ինչը ավանդաբար Կոնգրեսի լսումներից հետո մեծանում է։
Կոնգրեսականը նաեւ ընդգծեց, որ ներկայումս հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների խորացումը բխում է ինչպես Հայաստանի այնպես էլ ԱՄՆ շահերից։
«Ռուսաստանը Ուկրաինայի օրինակով ցույց տվեց, որ մտադիր է վախի եւ ուժի գործադրման ճանապարհով փոխել Եվրոպայի սահմանները։ Հայաստանի վրա նույնպես Ռուսաստանը մեծ ճնշում է գործադրում։ Նման իրավիճակում Հայաստանի անկախության պահպանման համար շատ կարեւոր է ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերությունների պահպանումը»,- հավելեց կոնգերսականը Շիֆը։
Իր հերթին կոնգրեսական Ռոբերտ Դոլդը ընդգծեց Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալների մեծացման կարեւորությունը։ Ընդ որում, կոնգրեսականն առաջարկեց չկենտրոնանալ Հայաստանին միայն ֆինանսապես աջակցելու բնագավառի վրա։
«ԱՄՆ-ը պետք է ուշադրություն դարձնի նաեւ կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանման վրա եւ անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկի այդ ժառանգության պահպանումն ապահովելու համար։ Եթե մենք հայացք գցենք հայ ժողովրդի պատմությանը, ապա կտեսնենք, որ Հայաստանի համար դա շատ կարեւոր հարց է»,- եզրափակեց Ռոբերտ Դոլդը։




























