Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. նրանք գտնվում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա հայտնեց, որ զինծառայողներին Երեւան տեղափոխելու հարցը դեռեւս չի քննարկվում:

«Զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել գլխի շրջանում, մյուսի մոտ ոտքի անդամահատում է: Վիճակները շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- ասաց հոսպիտալի պետը:

Նշենք, որ զինծառայողներից 3-ը ժամկետային են, 1-ը՝ սպա: Նրանց անունները չեն հաղորդվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հայկական կողմը եւս ունի կորուստներ՝ 3 զոհ, եւս 4 զինծառայող վիրավորվել է: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է զոհված զինծառայողներին: