Մոտ 2 շաբաթից ԱԺ ֆինանսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում կքննարկվի ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած «Ֆիզիակական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագծի հեղինակ Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ դրական եզրակացություն ստանալու դեպքում այն կմտնի ԱԺ քառօրյայի օրակարգ: Միքայել Մելքումյանը նշեց, որ մոտ 2 ամսից արդեն կսկսեն գործել փոփոխությունները:

Ավելի վաղ  Կառավարությունը հավանության էր արժանացրել իր, Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիակական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, ըստ որի՝ ավանդների համար այսօրվա գործող շեմերը պետք է կրկնապատկվեն: Միքայել Մելքումյանը նշեց, որ օրինակ՝ եթե քաղաքացին բանկում ունի 20 մլն դրամ ավանդ, եւ բանկի սնանկանալու դեպքում հատուցվում էր ընդամենը 4 մլն դրամ, ապա այժմ այդ գումարը կկազմի 8մլն դրամ: Նա կարեւորեց այս նախաձեռնությունը հատկապես այժմ, երբ ֆինանսական շուկայում առկա են լարվածություններ, որպեսզի մարդիկ չհանեն ավանդները, սա լուրջ գործիք է ներդրումային ակտիվությունը խթանելու համար: