Մյանմարի հյուսիս-արեւելքում, Չինաստանի սահմանի մոտ, կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ նոր բախումների հետեւանքով զոհվել է 16 մարդ: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, հաղորդում է թաիլանդական Thai PBS հեռուստաալիքը:

Ըստ այդմ, Լուկայ քաղաքի մոտ ապստամբները հարձակվել են Մյանմարի կանոնավոր զորքերի դիրքերի վրա: Երկու օր շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 13 զինվոր եւ երեք գրոհային, եւս 28 զինծառայողներ վիրավորվել են:

Չինաստանին սահմանակից Կոկան ինքնավար մարզում լարվածությունը շարունակվում է 2014-ի դեկտեմբերից: Կոկան ազգության ներկայացուցիչներից կազմված զինված խմբավորումների եւ բանակի միջեւ ռազմական գործողությունները նոր թափ են ստացել փետրվարի 9-ին: Փետրվարի 17-ին երկրի իշխանությունները 90 օրով արտակարգ եւ ռազմական դրություն են հայտարարել այդ տարածքներում: