Լեռնային Ղարաբաղին կից տարածքների հանձնումը կարող է միայն աշխարհագրորեն մոտեցնել ադրբեջանական սպառնալիքը։ Այս մասին մարտի 20-ին Երեւանում կայացած ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Պատասխանելով բրիտանացի պատգամավոր Սայադ Քարիմի հարցին, որն առաջարկել էր մտածել Լեռնային Ղարաբաղին կից մի քանի շրջանները հանձնելու մասին, հայ պատգամավորը առարկել է ասելով, որ տարածքների հանձնումը կնշանակի միան ավելի մոտեցնել հակառակորդի հարձակումները, որոնք վերջին ժամանակներս սաստկացել են։ «Այդ առումով մենք բացառում ենք որեւէ զիջում եւ նախապայմաններով փոխզիջումների չենք գնա»,- հայտարարել է նա։
Սայադ Քարիմի դիտարկմանը, թե այդ քայլը իմաստ կունենա Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման տեսանկյունից, Վարդանյանը նշել է, որ երկու կողմերը իրենց միջեւ տարվող բանակցություններում չպետք է կախված լինեն երրորդ երկրի ցանկություններից։
«Այդ պահանջը հակասում է միջազգային դիվանագիտության բոլոր կանոններին»,- հայտարարել է Վարդանյանը։





























