ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ջրային ռեսուրսների ավագ մասնագետ, Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի ղեկավար Ուինսթոն Յունը, ՀԲ ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը, սոցիալական հարցերով ավագ մասնագետ Սառա Մայքլը եւ այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը եւ Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը:

«Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն այսօր մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրներից է, ուստի հարկավոր է ավելի ակտիվ միջոցառումներ իրականացնել այս ուղղությամբ, հատկապես հաշվի առնելով կլիմայի գլոբալ փոփոխությունների հետեւանքով առաջացող սակավաջրության խնդիրները», - ողջունելով հյուրերին` նշել է նախարարը:

Հյուրերը նախարարին տեղեկացրել են, որ բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ոռոգման համակարգերի բարելավման քառամյա ծրագրի շրջանակում այցելել են հանրապետության մարզեր, կազմակերպել քննարկումներ ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հանդիպել համայնքների բնակիչների հետ:  

2014 թվականի սկզբին մեկնարկած այդ ծրագրով մասնավորապես նախատեսվում է հանրապետության մի շարք տարածաշրջաններում կառուցել ինքնահոս համակարգեր,  վերակառուցել ջրանցքներ, ինչպես նաեւ ներդնել ջրաչափման եւ կառավարման ժամանակակից համակարգեր:

Հանդիպման ընթացքում նախարարն առաջարկել է Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակել երկարաժամկետ հայեցակարգ, որը կներառի ոլորտի զարգացմանն ուղղված համալիր, այդ թվում` ջրամբարների կառուցման, դրանց հզորությունների մեծացման, նոր ջրատարների անցկացման եւ այլ միջոցառումներ, անխտիր ներառելով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը նաեւ շահառուների մոտ:

Հյուրերը նախարարին են հանձնել նաեւ «Հայաստանի գյուղատնտեսական համակարգերի խոցելիության նվազեցումը կլիմայական փոփոխությունների նկատմամբ» եւ «Հայաստանի Հանրապետության դեպի ջրային ռեսուրսների համալիր կառավարում» լայնածավալ ուսումնասիրությունները: