Գագիկ Ծառուկյանը չի կարող մշտապես հիվանդ լինել: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:

Նա կրկնեց, որ Ծառուկյանը գրավոր հիմնավորում է ներկայացրել խորհրդարանի նիստերին բացակայությունների առիթով, ինչպես նախկինում է արել, եւ այդ հիմնավորումներն ընդունվել են: Դրանք ե՛ւ առողջական վիճակի, ե՛ւ արտասահմանյան գործուղումների մասին տեղեկանքներ են:

Նկատառմանը, որ խորհրդարանի անունից Ծառուկյանը երբեք ոչ մի տեղ չի այցելել, Սահակյանը պատասխանեց, որ բացակայությունների խնդիրն ընդհանրապես բազմաթիվ հարցեր է առաջացնում նաեւ իրավաբանների մոտ: Խնդիրը պետք է լուծի «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի նոր խմբագրումը:

«Իմ տեսակետը, որ ներկայացնելու են խորհրդարանում, այն է, որ հարկավոր է հաշվի առնել առողջական վիճակի եւ գործողումների պատճառով բացակայությունները: Մյուս դեպքերը պետք է կանոնակարգվեն Աշխատանքային օրենսգրքի հիման վրա»,- հայտարարեց խոսնակը:

Հարցին, արդյո՞ք Ծառուկյանը կշարունակի բացակայել, Սահակյանը պատասխանեց, որ այդ մասին միանշանակ պնդել պետք չէ. «Չգիտեմ, գալի՞ս է, թե՞ ոչ: Գուցե՝ արդեն գալիս է»:

Նա նաեւ հավելեց, որ հիվանդության մասին տեղեկանքները չեն կարող անվերջ լինել: «Իհարկե, անհնար է միշտ հիվանդ լինել»,- նկատեց Սահակյանը: