Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունը հանդես է գալիս խորհրդարանական հանրապետության օգտին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը 1918-ից հետո զբաղեցնի վարչապետի (փաստացի երկրի ղեկավարի) պաշտոնը, Սահակյանը պատասխանել է, որ եթե նոր մոդելն իր համար ընդունելի չլինի, նա չի հավակնի որեւէ պաշտոնի:
«Այսինքն, եթե լինի մոդել, որն իր կարծիքով, համադրելի չլինի իր մոտեցումներին: Իսկ նա հանդես է գալիս խորհրդարանական կառավարման մոդելի օգտին»,-հայտարարել է Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ այդ սկզբունքային հարցերին հետեւում են բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, օրինակ ով է լինելու գերագույն գլխավոր հրամանատարը, ով է լինելու արտաքին հարաբերությունների երաշխավորը եւ այլն:
«Աշխարհում կան տարբեր խորհրդարանական մոդելներ: Աշխատանքային խումբը կատարում է իր վերլուծությունը եւ քանի դեռ չկա հիմնական տեքստը, որոշակի բան ասել չի կարելի»,-ամփոփել է ԱԺ նախագահը:





























