Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալների համաձայն, փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 103.6%-ի՝ հունվարի 101.3%-ի դիմաց:

Ի տարբերություն հունվարին արձանագրված անկման, փետրվարին արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով աճել է 2.6%-ով: Բայց այդ «առաջընթացը» հիմնականում ապահովվել է անցյալ տարվա ցածր բազայի արդյունքում: Եթե հաշվետու ամիսը համեմատենք 2013 թվականի նույն ամսվա հետ, ապա 2.5 տոկոսային կետով անկում կստանանք: Այսինքն՝ երկու տարվա ընթացքում արդյունաբերությունում ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց ենք ունեցել:

Հունվարյան արդյունաբերական անկումը հիմնականում կապված էր մետաղների հանքարդյունաբերության ոլորտի (մետաղների հանքաքարն ու խտանյութը մեր արտահանման հիմնական մասն են կազմում), ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության հետ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը փետրվարին տարեկան կտրվածքով ավելացել է 4.9%-ով: Կտրուկ սեզոնայնության եւ ոչ բավարար չափով զարգացած ջերմոցային տնտեսության պատճառով բուսաբուծության արտադրանքի ծավալը տարվա ցուրտ ժամանակահատվածում նվազագույնին է հասնում: Այսպես, անցյալ տարվա փետրվարին ոլորտի համախառն արտադրանքն ընդհանուր ծավալներում տարեկան կտրվածքով գրեթե ամբողջ ծավալն ապահովել է անասնաբուծությունը:

Փետրվարին առեւտրաշրջանառությունը կրճատվել է 6.4%-ով: Վիճակագրական այս ցուցանիշը, բացի մանրածախ առեւտրաշրջանառությունից, իր մեջ ներառում է մեծածախ առեւտուրն ու ավտոմեքենաների վաճառքը: Հունվարին, առեւտրաշրջանառության 7.4%-անոց անկման պարագայում, մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալները կրճատվել են 6.1%-ով: Այստեղից կարելի է ենթադրել, որ ապրանքների վաճառքի ֆիզիկական ծավալների կրճատումը շարունակվում է: Հավելենք, որ հունվարին հայրենական առեւտուրը նշանավորվել է նոր «ձեռքբերմամբ». ընթացիկ գներում միաժամանակ կրճատվել է մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը:

Փետրվարին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 12.9%-ով: Սա կարելի է կապել նաեւ տնային տնտեսությունների կողմից այս էներգակրի սպառման կրճատման հետ, որը պայմանավորված է երկու գործոնով: Նախ՝ վերջին տարիներին սակագնի կտրուկ բարձրացմամբ, ինչպես նաեւ բնակչության մի մասի կենսամակարդակի վատթարացմամբ (հիմնականում՝ արտաքին դրամական փոխանցումների հոսքի կրճատման հետեւանքով):