Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավրեպ է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի գյուղերը մնան, զարգանան, ոչ թե դրանք կազմալուծել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահՎազգեն Սաֆարյանը:

Նա նշեց, որ այսօր ստեղծվել է մի այնպիսի վիճակ, երբ չկարողանալով զարգացնել տնտեսությունը, մարդիկ արտագաղթում են: Դրանից հետո գալիս է երկրորդ խնդիրը՝ համայնքները խոշորացնել: «Պետք է գյուղերը ամրացնել, աշխատատեղեր ստեղծել, որ ամեն մի գյուղը պահպանի իր կոլորիտը, գյուղականությունը: Համայնքների խոշորացման ծրագիրը ժամակավրեպ է, պետք է խրախուսել, որ գյուղերը մնան, զարգանան: Տեսեք՝ Ամերիկայում գյուղեր չկան, մեզ մոտ գյուղը հայրենիքի հիմքն է, ամեն մի գյուղ մեր մշակույթի մի մասն է եւ այդ գաղափարը չպետք է տարալուծենք, միացնենք»,-շեշտեց Վազգեն Սաֆարյանը:

Նա սխալ է համարում միանգամից այդքան համայնք միացնելը՝ հավելելով, որ դա կարելի էր անել մի փոքր շրջանի մասշտաբով եւ տեսնել արդյունքները: Վազգեն Սաֆարյանը որպես լուծում առաջարկում է վերադառնալ դեռեւս խորհրդային տարիներին գոյություն ունեցող շրջանային ձեւին, երբ նույն տարածքի 15-20 գյուղ կենտրոնանում էին մի շրջանում, ստեղծվում էր շրջանային խորհուրդ, ավագանի եւ այլն: «Այս դեպքում գյուղերի մեջ չեն առաջանա անվստահության էլեմենտներ, կան գյուղեր, որոնք իրար հետ չունեն ընդհանրություններ, բայց շրջանային բաժանման ժամանակ համակերպվել են այդ վիճակին: Երբ մի գյուղին տալիս ես առաջնություն մյուսի նկատմամբ, դա առաջ է բերելու որոշակի բարդություններ, օրինակ՝ ինչու այս գյուղը մեզ պետք է ղեկավարի, ոչ թե մյուսը, գյուղերում տարբեր նիստուկացեր, սովորույթներ կան, չեմ կարծում, որ համայնքների խոշորացումը կարող է դրական ազդեցություն ունենալ»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:

Նշենք, որ Կառավարության նիստում որոշում է կայացվել մայիսի 17-ին անցկացնել հանրաքվե մի քանի համայնքների՝ Դիլիջանի, Թումանյանի եւ Տաթեւի խոշորացման համար: Այսպես նախատեսվում է Թումանյան համայնքի խոշորացման արդյունքում միավորել Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները, բնակչությունը կլինի մոտ 4597 , կենտրոնը՝ Թումանյանը: Տաթեւ համայնքի խոշորացման արդյունքում միավորվում են Տաթեւը, Հալիձորը, Հարժիսը, Շինուհայրը, Սվարանցը, Խոտը, Տանձատափը, Քասունին, բնակչությունը՝ 5960, կենտրոնը կլինի Շինուհայրը, քանի որ այդտեղ ենթակառուցվածքները եւ բնակչությունը շատ է: Դիլիջան համայնքի միավորման արդյունքում կմիավորվեն Դիլիջանը, Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Աղավնավանքը, Խաչարձանը, Հովքը, բնակչությունը 25576 կլինի, կենտրոնը՝ Դիլիջան: