Սյունիքում գյուղացիների մեծ մասը դեմ է համայնքների խոշորացման ծրագրին, քանի որ դրանից որեւէ լավ ակնկալիք չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:
Նա նշեց, որ խոշորացումը կատարվում է մեծ, գլոբալ ձեւով, ինչի փոխարեն կարելի էր երկու մասի բաժանել: Մուրադ Սիմոնյանը շեշտեց, որ մի համայնքը մյուսից 40կմ-ով հեռու է եւ մի տեղից մյուսը հասնելը մեծ խնդիր է գյուղացու համար:
«Չեմ հասկանում՝ ոնց պիտի լինի, միգուցե երկու մասով արվեր, ավելի ճիշտ կլիներ: Ասում են՝ ինչ-որ Համաշխարհային բանկում ֆինանսավորում կա, եթե խոշորացման ծրագիրը կատարվում է, կարող է համայնքների համար լավ լինի, ես ի՞նչ կարող եմ ասել, թող հանրաքվե լինի, ժողովուրդը ասի, իսկ ժողովուրդը միանշանակ դեմ է դրան»,-ասաց գյուղապետ:
Նա նշեց, որ իրենց մտահոգությունը այն է, որ խոշորացման հետեւանքով կփակվեն գյուղում գործող մի քանի աշխատավայրերը, ինչը սոցիալական մեծ խնդիր կառաջացնի: «Խոշորացնում են, Տաթեւ համայնք է կոչվում, բայց կենտրոնը Շինուհայրն է, դրան հաստատ տաթեւացին դեմ է, եթե Շինուհայր համայնքում է կենտրոնանալու, թող կոչվի Շինուհայր, պետք չի Տաթեւ համայնքի անուն կրի: Մենք ի՞նչ գործ ունենք՝ Տաթեւ համայնք է կոչվում, կենտրոնը՝ Շինուհայր: Տաթեւացին ասում է, որ մի հարցի դեպքում պետք է վեր կենա, գնա հասնի Շինուհայր, դա ավելորդ ծախս է, քաշքշուկ, էնտեղ էլ ընդառաջեն, չընդառաջեն: ես կողքի խոսակցություններից գիտեմ, որ մեր տարածաշրջանում ժողովրդի մեծամասնությունը դեմ է դրան»,-ասաց Մուրադ Սիմոնյանը:
Նշենք, որ Կառավարության նիստում որոշում է կայացվել մայիսի 17-ին անցկացնել հանրաքվե մի քանի համայնքների՝ Դիլիջանի, Թումանյանի եւ Տաթեւի խոշորացման համար: Այսպես նախատեսվում է Թումանյան համայնքի խոշորացման արդյունքում միավորել Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները, բնակչությունը կլինի մոտ 4597 , կենտրոնը՝ Թումանյանը: Տաթեւ համայնքի խոշորացման արդյունքում միավորվում են Տաթեւը, Հալիձորը, Հարժիսը, Շինուհայրը, Սվարանցը, Խոտը, Տանձատափը, Քասունին, բնակչությունը՝ 5960, կենտրոնը կլինի Շինուհայրը, քանի որ այդտեղ ենթակառուցվածքները եւ բնակչությունը շատ է: Դիլիջան համայնքի միավորման արդյունքում կմիավորվեն Դիլիջանը, Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Աղավնավանքը, Խաչարձանը, Հովքը, բնակչությունը 25576 կլինի, կենտրոնը՝ Դիլիջան:




























