Զբոսաշրջությունն արդեն 10 տարի Վրաստանի տնտեսության գերակա ուղղություններից մեկն է։ Այդ մասին Վրաստանի Մցխեթա շրջանում, Ջվարի եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն։
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչով է աջակցում պետությունը զբոսաշրջության զարգացման գործին, Գիորգի Չոգովաձեն նշեց. «Պետությունը ֆինանսավորում է ճանապարհների վերակառուցումը, զբոսաշրջային ենթակառուցվածքների վերանորոգումը, թրեյնինգներ է անցկացնում զբոսաշրջային ոլորտում աշխատող անձանց համար։ Նպաստում է այդ մասնագիտությունների ժողովրդականացմանը, եւ, իհարկե, գովազդում է երկրի տուրիստական պոտենցիալը արտերկրում։ Այդ ջանքերը հանգեցնում են նրան, որ զբոսաշրջիկների թիվն աճում է ամեն տարի»։
Վարչության ղեկավարի խոսքով, այդ հարցում իրենց օգնում են նաեւ միջազգային կառույցները, օրինակ, անցած՝ 2014 թվականին Համաշխարհային բանկը մոտ 60 միլիոն դոլար է տրամադրել զբոսաշրջային ենթակառոցվածքների զարգացման համար։
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հայաստանցիները, որպես մերձավոր հարեւան, ավելի լավ գիտեն Վրաստանը, ի՞նչ է կոնկրետ առաջարկում Վրաստանը հայ զբոսաշրջիկների համար, Գիորգի Չոգովաձեն պատասխանում է. «Կոնկրետ երկրների համար մենք ջանում ենք, որ երկու երկրների տուրօպերատորները ունենան սերտ կապեր, որ շատ մարդկանց բերեն Վրաստան։ Պետությունն աջակցում է մենեջմենթի առումով»։
Ի դեպ, նա նշեց, թե տարբեր երկրների զբոսաշրջիկները հետաքրքրվում են տարբեր ոլորտներով։ Օրինակ, Հայաստանի համար շատ հետաքրքիր է Վրաստանի սեւծովյան ափը, եւ շատ զբոսաշրջիկներ ժամանում են հենց Սեւ ծովի ափ։
Անցած շաբաթ հայ լրագրողների խումբը բելառուս, ուկրաինացի, ադրբեջանցի, ղրղըզ եւ ղազախ լրագրողների խմբերի հետ ծանոթացան Վրաստանի զբոսաշրջային կենտրոններից մի քանիսին։ Մեդիատուրի ընթացքում մենք մեզ համար բացահայտեցինք, որ մեծ պոտենցիալ կա հայ զբոսաշրջիկների համար պատմամշակութային տուրիզմի առումով։ Օրինակ, Կախեթիի, Մցխեթայի, արեւելյան Վրաստանի այլ շրջանների առողջարաններն ու պատմամշակութային հուշարձանները կարող ն հրապուրել հայ զբոսաշրջիկներին։
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որ ազգությունը որ տուրիզմով է հետաքրքրված, Գիորգի Չոգովաձեն պատասխանեց. «Այդ ամենը բաշխված է։ Օրինակ, շատերը գալիս են լեռնադահուկային առողջարաններ, որտեղ մենք այս տարի ձյան արհեստական մատակարարման սարքեր ենք տեղադրել, եւ դա մեզ հնարավորություն է տալիս գրեթե երկու ամսով երկարաձգել դահուկային սեզոնը»։ ի դեպ, դա շահավետ է, արված ծախսերն արդարացնում են իրենց։
Վրաստանի տուրիզմի ազգային վարչության ղեկավարը հպարտությամբ նշում է, որ Հայաստանը զբոսաշրջիկների թվով երրորդն է։ Կոնկրետ թվեր Չոգովաձեն չնշեց, սակայն նկատեց, որ տարեկան 1,7 մլրդ դոլար շրջանառություն է ապահովում զբոսաշրջությունը Վրաստանի համար։
«Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով, բայց ԱՊՀ-ն պատմական շուկան է, ուստի մենք ամեն կերպ աջակցում ենք այդ երկրներին, որ զբոսաշրջությունն ավելի զարգանա այդ ուղղությամբ»,- ամփոփեց նա։
Տեսարան Թբիլիսիի Հին քաղաքից։ Բլրի գագաթին Նարիկալա ամրոցն է
Թբիլիսի Հին եւ Նոր քաղաքների սահմանագիծը
Մետեխի վանքն ու Վախթանգ Գորգասալի արձանը
Թուրքական բաղնիքները Թբիլիսիում
Գաբրիաձեի ժամացույցը Շարդենի փողոցում
Սղնախի, քաղաքապետարանի շենքը
Ցինանդալի, Ճավճավաձեի կալվածքի մուտքը
Ջվարի եկեղեցին, Մցխեթա
Սվետիցխովելի եկեղեցու գմբեթն ու պարիսպը, Մցխեթա
Իոսիֆ Ստալինի հայրական տան մնացորդները, Գորի
Պրոմեթեւսի քարանձավը, Իմերեթի
Բաթումի հին տները
.jpg)




























