Հայաստանի Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին անկայուն եղանակը կպահպանվի, սակայն ցրտահարության վտանգ չկա: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին լրագրողներին ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:

«Վաղը օրվա երկրորդ կեսից կլինեն տեղումներ, լեռնային շրջաններում՝ դրանք կդիտվեն ձյան տեսքով, առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպներ: Սակայն այնտեղ, որտեղ ձյուն է տեղում, ծառերը ծաղկած չեն, ցրտահարության վտանգ չկա»,- ասաց Գագիկ Սուրենյանը ՝ նշելով, որ տեղումները կշարունակվեն մինչեւ մարտի 23-ի գիշերը ներառյալ:

Ըստ կանխատեսումների՝ մարտի 24-ին կրկին տեղումներ կլինեն, իսկ 25-ին դրանք կշարունակվեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում  եւ Արցախում: Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ թեեւ մարտի 22-ի երեկոյան ժամերին արկտիկական ցուրտ օդային զանգվածներ են ներթափանցելու հանրապետության տարածք, ցրտահարության վտանգ չկա, նվազագույն ջեմաստիճանը կանխատեսվում է +1 աստիճանը: 

Մինչեւ մարտի 26-ը Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում գիշերը 1-3 աստիճան, ցերեկը մինչեւ 10-12 աստիճան տաքություն է սպասվում: Մարտի 26-ին եւ 27-ին գիշերը կլինի  մինչեւ 4, ցերեկը՝ մինչեւ 17 աստիճան տաքություն:

Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ ապրիլին երկրի ողջ տարածքում տեղումները նորմայից ավելի կլինեն, իսկ օդի ջերմաստիճանը՝ նորմայի սահմանում: Ըստ կանխատեսումների՝ ամսվա առաջին տասնօրյակում Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -7-ից 12 աստիճան: Ամսվա երկրորդ տասնօրյակում կդիտվի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև 10-15 աստիճան: