Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողներից երկուսը, որոնք մարտի 20-ին տեղափոխվել են Երեւան, կայուն վիճակում են: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ զինծառայողներն այսօր ավելի լավ են, բուժման մեջ դրական դինամիկա կա:
Նշենք, որ զինծառայողներից Էդգար Մարտիրոսյանը որովայնի թափանցիկ հրազենային վիրավորում ունի հաստ եւ բարակ աղիների վնասումով, իսկ սպա Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա եւ բազմաթիվ բեկորային վիրավորումներ:
Ինչ վերաբերվում է մյուս երկու զինծառայողներին, ՊՆ խոսնակը հայտնեց, որ նրանք դեռեւս Ստեփանակերտի հոսպիտալում են եւ բուժումն այնտեղ են ստանում:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:





























