Սկսվել է ինքնասպանություն գործած գործարար Համլետ Ամիրխանյանի  «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սնանկացման պրոցեսը: Մեր տեղեկություններով՝ այդ մասին հայտարարությունը հրապարակվել է դեռ մարտի 3-ին, ինչից  հետո 30 օրվա ընթացքում պարտատերերը պետք է պահանջներ ներկայացնեն դատարան: Պարտատերերի պահանջների հավաքագրումից հետո  պետք է կազմվի պարտատերերի ցուցակը, թե ինչ առարկություններ ունեն եւ այլն: Կուսումնասիրեն պահանջները բավարելու, ֆինանսական առողջացման հնարավորությունները: Այս ամենից հետո արդեն պետք է վաճառեն Համլետ Ամիրխանյանի ակտիվները, որպեսզի բավարարում տան բանկերին, գրավը վերանա եւ մարդիկ ստանան իրեն տները

Ավելի վաղ հայտնել էինք, որ  փետրվարի 16-ին, ժ.10.40-ին «Նոր-Հաճըն» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Նոր-Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում, տանը՝ սենյակում մահացած մարդ կա, զենքը կողքին: Պարզել են, որ նույն օրը ժ.08.30-ի սահմաններում, 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն է գործել՝ ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով: Դիակի կողքին հայտնաբերվել է «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաեւ 1 հատ գնդակ: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:

Նշենք, որ  2005 թվականին հիմնադրված այս ընկերությունը իրականացնում է բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման գործունեություն եւ վերջերս հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն մայրաքաղաքում կառուցել է Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53 շենքերը:Սայաթ-Նովա 40 հասցեում կառուցված շենքում բնակարաններ գնած անձինք այդպես էլ չէին ստացել իրենց բնակարանները, դրանք գրավադրվել էին բանկում: Այդ շենքն ավարտելու համար ՀՀ կառավարությունը ժամանակին երաշխավոր էր կանգնել եւ տրամադրել շուրջ 2.5 միլիոն դոլար: Շենքի մոտ 224 շահառուներ հայտարարություն են տարածել՝ ասելով, որ կպայքարեն իրենց իրավունքների համար, նրանք նաեւ մտադիր են դիմել ՀՀ նախագահին, վարչապետին, ԿԲ նախագահին: