Ռուսաստանին պետք է անհանգստացնի, թե ինչ են մտածում հայերը Ադրբեջանին զենք վաճառելու մասին։ Այս մասին մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ մեդիաֆորումի ժամանակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինամթերք վաճառելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը նորություն չէր։ «Ռուսաստանը պետք է եզրակացություններ անի իր վարած քաղաքականությունից։ Մենք միայն մեկ խնդիր ունենք՝ պաշտպանել մեր սահմանները։ Հայաստանը, ելնելով իր շահերից, կարող է սեփական որոշումներն ընդունել, որոնք կարող են չհամընկնել Ռուսաստանի շահերին»,- հայտարարել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Երեւանում «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորոմի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը խնդիր է, որը պետք է լուծել։