Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբի շրջանն այժմ վերահսկվում է կառավարական ուժերի կողմից, սակայն չի բացառվում, որ նախորդ տարվա մարտի 21-ի հարձակումները կրկնվեն: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ շրջանը Լաթաքիա նահանգում է, բնակեցված է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կրոնական ուղղության հետեւորդներով եւ թիրախային նշանակություն ունի։

«Որեւէ երաշխիք, որ Քեսաբի դեմ հարձակում չի լինի, որեւէ մեկը չի կարող տալ: Թեպետ պետք է նշել, որ անցյալ տարվա դեպքերից հետո կառավարական ուժերը բավականաչափ ամրապնդել են իրենց ներկայությունը տարածքում, հատկապես Թուրքիայի հետ սահմանը  նրանք են վերահսկում եւ հատկապես այս շրջանի վերահսկողությունը ռազմավարական կարեւորություն է ներկայացնում այդ ուժերի համար»,- նշեց արաբագետը:

Արմեն Պետրոսյանը դժվարացավ կանխատեսումներ անել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ Ապրիլի 24-ին, Թուրքիայի թույլտվությամբ Քեսաբի դեմ հնարավոր հարձակման վերաբերյալ, այնուամենայնիվ, նշելով, որ Թուրքիան չի ցանկանա քարոզչական դաշտում իր համար նոր խնդիրներ ստեղծել:

«Քեսաբի դեմ հարձակումը բավականին լայն արձագանք ստացավ եւ, բնականաբար,  սրանում Թուրքիայի դերակատարումը հատկապես նշվեց: Դժվարանում եմ ասել, որ Թուրքիայի մասնակցությամբ դեպքերի կրկնություն կլինի: Տեղային որոշակի հարձակումներ հնարավոր են, բայց նման մասշտաբային հարձակումներ, ինչպես եղավ նախորդ տարի մարտի 21-ին, սխալ է կանխատեսել, համենայն դեպս, հավելյալ խնդիրներ քարոզչական դաշտում Թուրքիան չի ուզենա իր համար ստեղծել»,- ասաց արաբագետը:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ «Արաբական գարնան» հիմնական պատճառն այն էր, որ փորձ էր կատարվում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում  արեւմտյան ժողովրդավարական արժեքներ ներդնել:

«Չորս տարի շարունակվող այս հակամարտությունը Արեւմուտքի կողմից ավելի վաղ ծրագրված ռազմավարություն էր, որը փայլուն կերպով իրականացվեց Մերձավոր Արեւելքում։ Անհնար է Արեւմուտքի արժեքներն այս տարածաշրջանում բանեցնելը։ Դեմոկրատիայի արտահանումը հանգեցրեց քաոսային իրավիճակի, որի ծայրը չի երեւում»,- ասաց Արմեն Պետրոսյանը։