Ուկրաինացի պատգամավոր Բորիս Տարասյուկի՝ վերջերս Երեւանում արած հայտարարությունները պատահական չէին։ Այս մասին մարտի 21-ին լրագրողներին հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
Ըստ նրա՝ պետք չէ մոռանալ, որ ՎԱՈՒՄ կազմակերպության (Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա) քարտուղարությունը հենց Կիեւում է գտնվում, եւ այդ կազմակերպության դերը թերագնահատել պետք չէ։ «Սակայն Ուկրաինան որպես այդպիսին բարեկամական երկիր է, եւ նրան իշխանությունների հետ մենք պետք է բարեկամական հարաբերություններ պահպանենք։ Պարզապես չի բացառվում, որ որոշ պատգամավորներ ելույթ են ունենում ոմանց դուր գալու նպատակով կամ նյութական նկատառումներից ելնելով»,- հայտարարել է Մանասերյանը։
«Ուկրաինացի քաղաքական գործիչներն ապացուցել են, որ իրենք իրավունք չունեն որեւէ մեկին որեւէ բան սովորեցնել»,- հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ առաջին հերթին նրանք իրենք չեն հասկանում, թե ինչ է պետք անել սեփական երկրում։
Հիշեցնենք, որ Երեւանում մարտի 18-ին Ուկրաինայի նախկին արտգործնախարար, Գերագույն Ռադայի պատգամավոր Բորիս Տարասյուկը հայտարարել էր, թե Ղարաբաղի հարցում Հայաստանն իրավացի չէ։ Նա նշել է, որ չի հասկանում, թե ինչու Հայաստանը չի միացել Ռուսաստանի ագրեսիան դատապարտող ուկրաինական պահանջներին։ Իսկ սեփական ժողովրդի հանդեպ ուկրաինական բանակի գործադրած ագրեսիայի մասին լուրերը նա համարել է ռուսական քարոզչամեքենայի աշխատանքի արդյունք, որը լավ է գործում Հայաստանում։





























