ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա աղջկան առեւանգելու դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, թե 2015 թվականի մարտի 16-ին Լոռու մարզի մի բնակչուհին գրավոր հաղորդում է տվել, որ Վանաձորի Մաշտոցի փողոցից, բռնության գործադրմամբ, առեւանգել են դստերը:
Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առեւանգված աղջկա գտնվելու վայրը, առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Աղջիկը հայտնաբերվել է մարտի 16-ին, ճանաչվել տուժող եւ հարցաքննվել։
2015 թվականի մարտի 18-ին առերեւույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչ Վ.Մալաքյանը: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:




























