Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 21-ին Նովրուզի կապակցությամբ ունեցած իր ելույթում հույս է հայտնել, որ քրդական խնդիրը կմտնի կարգավորման նոր փուլ։
Նշենք, որ Թուրքիայում Նովրուզը նշում են գերազանցապես քրդական զանգվածները։
«Ես հավատում եմ, որ մեր երազանքները գարնան գալով կծաղկեն եւ մենք կհասնենք ցանկալի արդյունքների։ Իսկ Նովրուզը կդառնա նոր դարաշրջան մտնելու առիթ։ Մաղթում եմ, որ ՄԱԿ-ի կողմից 2010թ. համաշխարհային ճանաչված այս տոնը մարդկությանը խաղաղություն եւ սեր բերի»,- ասված է Էրդողանի ուղերձում։
Ակնկալվում է, որ մարտի 21-ին Նովրուզի կապակցությամբ ուղերձով հանդես կգա Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով իր ուղերձում կարող է կոչ անել կողմնակիցներին վայր դնել զենքը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ 2012թ. հոկտեմբերին Թուրքիան բանտարկության մեջ գտնվող Օջալանի հետ սկսեց քրդական հարցի շուրջ բանակցությունները, որոնք ուղղված են 35 տարի շարունակվող խնդրի կարգավորմանը։





























