Ռուսաստանի մոտալուտ անկումն արդեն 30 տարի է՝ կանխատեսում են։ Այս մասին մարտի 21-ին լրագրողներին հայտնել է «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, քաղաքագետ Արամ Սաֆարյանը՝ մեկնաբանելով եվրախորհրդարանականների վերջին հայտարարություններն այն մասին, թե Եվրասիական տնտեսական միությունն ապագա չունի։ «Ես արդեն տեւական ժամանակ հետեւում եմ ինչպես ռուս, այնպես էլ արեւմտյան քաղաքական գործիչների հայտարարություններին։ Այնպես որ այս խոսակցությունները առաջին անգամ չեն»,- հայտարարել է Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ մարտի 16-18-ը Հայաստանում էր գտնվում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանսերյանն իր հերթին նշել է, որ այդ խոսակցությունները հեշտ է բացատրել, քանի որ տնտեսական կենտրոն դառնալ ցանկացողներին գործող խաղացողները միշտ մոտենում են զգուշավորությամբ, եթե ոչ թշնամանքով։ «Նման վերաբերմունք ժամանակին կար Չինաստանի հանդեպ, որին առաջնորդների գլոբալ ընտանիքում տեսնել չէին ցանկանում։ Հենց այդպես էլ հիմա չեն ցանկանում այնտեղ տեսնել ԵՏՄ-ին»,- հավելեց Մանսերյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե Արեւտմյան Եվրոպայի պատգամավորները շատ ավելի զուսպ էին արտահայտվում, քան նրանց արեւելաեվրոպական գործընկերները, Սաֆարյանը պատասխանեց, որ մի շարք պատճառներով «միշտ էլ գտնվում են գործիչներ, որոնք Հռոմի պապից կաթոլիկ են ուզում երեւալ»։




























