Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը ավելի  հեշտորեն կկարողանա բարձրացնել Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի եւ Թուրքիայի հետ միջուկային էներգետիկ համագործակցության հարցը։ Այս մասին մարտի 21-ին լրագրողներին հայտնել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

«Իհարկե այսպես թե այնպես այս հարցերը հնարավոր չէ լուծել հեշտ եւ միանգամից։ Բայց ավելի հեշտ է այդ հարցերը բարձրացնել միության ներսում, քան լինել կողմնակի դիտորդի դերում»,- հայտարարել է Մանասերյանը։

Ինչպես նշել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը, հարցն արդիական է, քանի որ Թուրքիայի դեպքում խոսակցություններ էն, որ վերջինս միջուկային զենք է մշակում (2014թ. հոկտեմբերին այդ մասին գրել էր Die Welt պարբերականը)։ «Փորձագիտական շրջանակներում ենթադրություն կա, որ մոտ 10 տարի հետո Անկարան կկարողանա ստանալ այդ զենքը»,- հավելել է Հարությունյանը։