Արթուր Մեսչյանի մի խումբ երիտասարդ երկրպագուներ, որոնք իրենց անվանում են մեսչյանականներ, մարտի 16-ից ստորագրահավաք են սկսել, որով հեղինակ կատարող Արթուր Մեսչյանին խնդրում են մենահամերգով հանդես գալ: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաձեռնության հեղինակներից Շահեն Հարությունյանը՝ ավելացնելով, որ իրենց նպատակն է երկու շաբաթում նվազագույնը երեք հազար ստորագրություն հավաքել, որից հետո միայն կդիմեն հեղինակ-կատարողին։
«Նոր սերունդ է եկել, որը նրա մենահամերգներին ներկա չի եղել: Մոտ քառասուն մեսչյանականներով մարտի 15-ին հավաք ենք ունեցել, որի ժամանակ որոշեցինք ստորագրահավաք անցկացնել: Ամսի 29-ին հավաք է լինելու, կամփոփենք ամբողջ ստորագրահավաքի արդյունքները, կհամախմբվենք մի տեղում, կկազմենք մի փոքրիկ խումբ ու կներկայացնենք Մեսչյանին: Մինիմում 3000-5000 պետք է հավաքենք, այս շաբաթ ավելի ակտիվ կզբաղվենք այդ գործով, երեւի 500-ի կհասնենք: Չենք ուզում նրան մեկ, երկու, քսան կամ երեսուն հոգու անունից դիմել: Նա պիտի տեսնի, որ հազարավոր մարդիկ են ցանկանում իր մենահամերգին ներկա լինել»,- ասաց Շահեն Հարությունյանը։
Շահեն Հարությունյանի խոսքով՝ ինքը մինչեւ այդ մենահամերգ ունենալու խնդրանքով բաց նամակով դիմել է Արթուր Մեսչյանին, սակայն պատասխան չի ստացել:
«Բաց նամակով դիմել եմ նրան, այդ նամակի տակ ստորագրել էր մոտ 1000 հոգի, բայց նամակին պատասխան չի եղել, իսկ այս նախաձեռնությանը մասնակցում են հազարավոր մարդիկ։ Հույս ունեմ, որ նա մեր ցանկությանը կընդառաջի»,- ասաց նա:
Նշենք, որ մեսչյանականների նախաձեռնած ստորագրահավաքը կավարտվի մարտի 29-ին: Ստորագրահավաքի արդյունքները կներկայացվեն Արթուր Մեսչյանին:





























