Մարսելի պատմության թանգարանում «Տարագրության 100 դիմանկար. հայ փախստականների ինքնության որոնում» խորագրով ցուցահանդես է բացվել, որին շուրջ 300 մարդ է մասնակցել: «Nouvelles d'Arménie»-ի փոխանցմամբ, այն նախաձեռնել է Հայկական հիշողության արխիվացման եւ հետազոտության ասոցիացիան՝ «Մարսել-Պրովանս-Հայաստան 2015» ասոցիացիայի հետ համատեղ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել եւ ելույթ է ունեցել Մարսելի քաղաքագետ եւ Ֆրանսիայի Սենատի փոխխոսնակ Ժան-Կլոդ Գոդենը: Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ Հայկական հիշողության արխիվացման եւ հետազոտության ասոցիացիայի նախագահ Ժակ Ուլուսյանը, ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը: Ներկա է գտնվել նաեւ Մարսելում Հայաստանի փոխհյուպատոս Սամվել Լալայանը:

Ժակ Ուլուսյանը պատմել է ցուցահանդեսի եւ հայկական հիշողության պահպանման անհրաժեշտության մասին: Իսկ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին կարեւորել է այս ցուցահանդեսի բացումը:

Մարսելի քաղաքապետը բարձր է գնահատել նաեւ պատգամավոր Վալերի Բուայեի ջանքերը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի նախապատրաստման շուրջ: «Ես չեմ ցանկանում ժխտող Թուրքիային տեսնել Եվրոպայում»,- ասել է նա: