Արեւմտյան Եվրոպայի ավելի քան 3.5 հազար քաղաքացիներ Իրաքում եւ Սիրիայում պատերազմում են իսլամական ահաբեկչական խմբավորումների կողմից կամ իրենց երկրում գործունեություն են ծավալում այդ խմբավորումների անունից: Այս մասին ասված է Լոնդոնի Ծայրահեղականացման եւ քաղաքական բռնության ուսումնասիրության միջազգային կենտրոնի զեկույցում:
Արեւմտյան Եվրոպայից իսլամականներին միացողների թվով առաջատարը Ֆրանսիան է. 1.200 ֆրանսիացիներ են մասնակցում նրանց գործունեությանը: Այս երկրին հետեւում են Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, որտեղ իսլամականների կողմնակից է դարձել 500-600 մարդ: Ամենաքիչ թվով իսլամականների կողմնակիցներ կան Իռլանդիայում՝ շուրջ 30 մարդ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, մեկ միլիոն բնակչության պարագայում իսլամականների կողմնակիցների հարաբերակցությունից ելնելով՝ առաջատարը Բելգիան է, որտեղ ծայրահեղականների կողմնակից է շուրջ 40 մարդ: Դրան հետեւում են Դանիան (27 մարդ՝ 1 մլն-ի դիմաց) եւ Շվեդիան (19 մարդ՝ 1 մլն-ի դիմաց):
Կենտրոնի գնահատմամբ, իսլամականներին միացած ռուսաստանցիների թիվը կազմում է 800-ից մինչեւ 1500 հոգի:





























