Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ապրիլի 24-ին Երեւան կատարվելիք այցի շրջանակներում քննարկվելու է նաեւ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի հարցը։ Այս մասին մարտի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն։

Հայաստանի եւ ԵՄ-ի հնարավոր համագործակցության մասին հարցին դեսպանը պատասխանել է, որ Եվրամիությունը կարեւոր է համարում մինչեւ Ռիգայի գագաթնաժողովը պարզեցնել համագործակցության հնարավոր ուղղությունները։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են առաջիկա փաստաթղթի տեքստը։ Այս ենթատեքստում դեսպանը հավելեց, որ հայկական  կողմի ցանկությամբ շեշտադրումը դրվելու է այն ոլորտների վրա, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։

«Կարծում ենք, որ Ռիգայի  գագաթնաժողովին պետք է գնալ համագործակցության ուղղությունների մասին հստակ պատկերացումներով։  Նախագահ Օլանդի այցի ընթացքում կքննարկվի նաեւ այս հարցը»,- նշեց դեսպանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Երեւան կժամանի մեծ պատվիրակությամբ: