Հայաստանի ԱԺ բանաձեւի նախագիծը, որով պահանջում են Վալերի Պերմյակովին փոխանցել հայկական կողմին, դեռ չի քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: Այդ հարցը ԱԺ օրակարգում ընդգրկելուն կողմ է արտահայտվել միայն 42 պատգամավոր, դեմ չի եղել:
Հասկանալի պատճառներով ոչ ոք դեմ չի արտահայտվել, բայց ՀՀԿ խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը եւ դրանով տապալել հարցը (անհրաժեշտ էր 66 կողմ ձայն):
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ այդ հարցով մասնակցում են իրավապահ մարմինները, իսկ քաղաքական շահարկումներն այստեղ միայն կվնասեն:
Մնացած խմբակցությունների ներկայացուցիչները պաշտպանել են բանաձեւի նախագիծը:
ԲՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունների ղեկավարներ Նաիրա Զոհրաբյանն ու Լեւոն Զուրաբյանը հայտարարել են, որ թեեւ նախագիծն այնքան լավ պատրաստված չէ իրավական տեսանկյունից եւ հետագա քննարկումների կարիք ունի, բայց անհրաժեշտ է կողմ քվեարկել այն ԱԺ օրակարգ մտցնելուն:
ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը եւ ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը եւս իրենց աջակցությունն են հայտնել այդ նախագծին:
Հիշեցնենք, որ բանաձեւի նախագծում Փոստանջյանը կոչ է անում խորհրդարանին ռուսական կողմից պահանջել հայ իրավապահներին հանձնել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:





























