Չինաստանի գյուղերից մեկում տեղի տաճարից գողացել էին Բուդդայի արձանը, որի մեջ գիտնականները հայտնաբերել էին բուդդայական վանականի մումիա։ Այս պահին պաշտոնական Պեկինը փորձում է պարզել կատարվածի հանգամանքները, եւ եթե ապացույցները բավարար լինեն, ապա չինական կողմը կսկսի բանակցություններ վարել Հոլանդիայի հետ արժեքավոր մասունքը հետ վերադարձնելու համար։ Այս մասին հայտնում է Shanghai Daily-ը։ Նշենք, որ արձանը պատկանում է հոլանդացի մի կոլեկցիոների, որի անունը չի հրապարակվում։
Արձանի հանդեպ հետաքրքրությունն աճել էր այն բանից հետո, երբ բուդդային ցուցադրել էին Բուդապեշտում կայացած ցուցահանդեսի ժամանակ։ Ֆուցզյան նահանգի Յանչունյա ավանի բնակիչները, տեսնելով արձանը, հայտարարել են, թե այն գողացել են իրենց ավանից 1995թ.։ Չինացիները պնդում են, որ արձանը տեղի բուդդա վանական սուրբ Լյուցյուանի արձանն է։
Հոլանդացիներն իրենց հերթին նշել են, որ արձանը ստեղծվել է 11-12-րդ դարերում, իսկ Լյուցյուանը ինքնակամ մումիֆիկացվել էր հենց այդ ժամանակաշրջանում՝ Սուն արքայատոհմի օրոք, տեղեկացնում է Informing-ը։
Մասնագետները կարծում են, որ արձանը հետ ստանալու Պեկինի շանսերը մեծ չեն, քանի որ Հոլանդիան միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ գողացած արժեքները վերադարձնելու մասին կոնվենցիային, որը հետադարձ ուժ չունի։




























