Ուկրաինան ապրիլի 1-ից հրաժարվում է ռուսական գազից, քանի որ դրա կարիքն այլեւս չունի։ Այս մասին մարտի 23-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխի արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը։

«Այս պահին ռուսական գազ գնելու անհրաժեշտություն չկա։ Ես մտածում եմ, որ մենք գազ չենք գնի»,- հայտարարել է նախարարը, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։

Նշենք, որ  մարտի 20-ին Բրյուսելում կայացել էր Ուկրաինայի համար ռուսական գազի գնի եւ պայմանների «ամառային փաթեթի» շուրջ (2015թ. ապրիլի 1-ից) բանակցությունների հերթական փուլը։ Բանակցություններն ընթացել էին Ուկրաինա-Եվրամիություն-Ռուսաստան ձեւաչափով էներգետիկայի նախարարների մակարդակով եւ ԵՄ էներգետիկ հարցերով եվրահանձնակատարի մասնակցությամբ։

Կողմերը համաձայնության են եկել, որ «ձմեռային փաթեթի» պայմանները կիրագործվեն ողջ ծավալով, սակայն «ամառային փաթեթի» պայմանները դեռեւս պետք է քննարկել փորձագիտական խմբերի մակարդակով։