Փարիզում, մարտի 25-ին տեղի կունենա «նորմանդական քառյակի» քաղաքական տնօրենների հանդիպումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալին:
Նշվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը:
«Ինչպես հայտարարել է Հանրապետության նախագահը, մինսկյան պայմանավորվածությունները «մասնակիորեն, միայն մասնակիորեն են ի կատար ածվել»: Հիմա առավել քան երբեւէ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերն ամբողջությամբ կիրառեն դրանք տեղերում, կամավոր եւ անհապաղ»,-հայտարարել է Նադալը:
«Դրան հասնելու համար շարունակվում են շփումները «նորմանդական ձեւաչափում»: Քաղաքական տնօրենների հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի՝ Փարիզում»,-հավելել է նա:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն չէր հաստատել «նորմանդական քառյակի» երկրների ներկայացուցիչների հանդիպումը մարտի 24-ին, Փարիզում:





























