Նախագահ Էրդողանի ղեկավարությամբ թուրքական իսթեբլիշմենթի հայտարարությունները հանդգնություն է։ Այս մասին մարտի 23-ին խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. հույների եւ ասորիների ցեղասպանության մասին բանաձեւը։
«Մեր թուրք գործընկերները միշտ մեզնից պահանջում են, որպեսզի մենք փաստեր ներկայացնենք, որոնք կապացուցեն Հայոց ցեղասպանության մասին մեր հայտարարություները։ Փաստերն հազարավոր են, պարոնա՛յք։ Բերեմ միայն նրանցից մի քանիսը»,- հայտարարել է Շարմազանովը։
Նա հիշեցրել է, որ դեռեւս 1915թ. Թուրքիայի զինվորական նախարար Էնվեր փաշան գերմանացի ռազմական կցորդի հետ զրույցում հայտարարել է. «Ես քրիստոնյաների հարցը կլուծեմ այնպես, ինչպես լուծել եմ հայկական հարցը»։
«Այս եւ այլ հազարավոր փաստերն ապացուցում են, որ 1915-1923թթ. Թուրքիան իրականացրել է նախօրոք պլանավորած Հայոց ցեղասպանությունը։ Հունական պատրիարքարանի տվյալներով՝ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը սպանվել էր կամ արտաքսվել 284 հազար հույն, որոնցից 154 հազարը՝ Փոքր Ասիայից, 130 հազարը՝ Ֆրակիայից»,- հավելեց Շարմազանովը։
Ասորիների առաջին ջարդերը սկսվել էին դեռեւս 1895-1896թթ. Աբդուլ Համիդ սուլթանի օրոք։ 1915թ. դրանք շարունակվեցին Վանի վիլայեթում, որտեղ դրանք իրականացնում էր նահանգապետ Ջեւդեթ փաշան՝ Էնվեր փաշայի հարազատը։ Իր նամակներից մեկում Ջեւդեթ փաշան նշում է. «Մենք հայերից եւ ասորիներից մաքրել ենք Վանը եւ նույն բանն արել ենք նաեւ այլ վայրերում»։
1914թ. մայիսին Զմյուռնիայի (այժմ Իզմիր) վարչակազմին հղած Թալեաթ փաշայի նամակում ասված է. «Ելնելով քաղաքական պատճառներից՝ անհրաժեշտ է, որպեսզի Օսմանյան կայսրությունում ապրող հույները լքեն իրենց գյուղերն ու տեղափոխվեն Էրզրումի վիլայեթ։ Եթե հրաժարվեն, բանավոր ցուցումնե՛ր տվեք մուսուլման եղբայրներին, որպեսզի ամենայն դաժանությամբ հարկադրեն նրանց դա անել»։
«Ասորական պատրիարքության տվյալներով՝ ցեղասպանության հետեւանքով զոհվել է 250-300 հազար ասորի։
Բնաջնջումների հիմնական ալիքը սկսվեց 1919-1922թ, ինչը ողջ աշխարհում հայտնի է որպես Փոքրասիական ողբերգություն։ Այս տարիների ընթացքում «Նյու Յորք Թայմսի» այն ժամանակվա մի համարում բերված տեղեկությունների համաձայն՝ աքսորվել կամ սովից մահացել է 700 հազար հույն»,- հայտարարեց Շարմազանովը։





























