Պետությունները, ազգերը, որոնք տուժել են Օսմանյան կայսրությունում կազմակերպված ցեղասպանությունից, չպետք է թույլ տան Թուրքիային բաժանել եւ տիրել։ Այս մասին մարտի 23-ին խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ ներկայացնելով 1915-1923թթ. Օսմանյան  կայսրությունում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ։

Նրա խոսքով՝ հայերը, սերբերը, բուլղարացիները, հույները եւ նույնիսկ ոչ քրիստոնյա ազգերը՝ եզդիներն եւ քրդերը, ոչ մի կերպ չեն կարողանում միավորվել Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ։ Բուլղարիայի խորհրդարանում իր հակահայկական գործողություններով հայտնի է Իրավունքների եւ ազատությունների համար շարժում կուսակցությունը, իսկ Սերբիայում գործը հասել էր նրան, որ երկրի խորհրդարան պիտի մտներ Խոջալուի դեպքերը դատապարտող բանաձեւ «ցեղասպանություն» անվան տակ։

«Դա այն դեպքում, երբ սերբերը իրենք թուրքերից քիչ չեն տուժել։ Բարեբախտաբար, միասնական ջանքերով հնարավոր եղավ պրոֆեսիոնալ կերպով այդ բանաձեւը հեռու պահել սերբական Սկուպշինայում հայտնվելուց, բայց փաստը մնում է փաստ, որ մենք գործում ենք անջատ։ Թուրքիան բաժանում է բոլորին եւ լուծում իր հարցերը։ Մենք պետք է հակադրվենք դրան՝ ստեղծելով, օրինակ, նշված երկրների խորհրդարանների համակարգող մարմին։ Իսկ հետագայում, ինչու ոչ, միասին Թուրքիայի դեմ հայցով դիմել Հաագայի դատարան»,- նշեց Ռուբեն Հակոբյանը։